Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Այս տարվա հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ անդամ երկրների առաջնորդների մակարդակով և այդ ընթացքում սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այց Հայաստան, տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա խոսել է հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին, անդրադարձել նաև Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացմանը:
Նախիջևանում մի կողմից թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, մյուս կողմից երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում: Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն իր թուրք պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հստակեցրել է, որ Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ՝ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով:
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությունը «տարածաշրջանում կայունության ապահովման գլխավոր գործոնն է»:
Նման հայտարարություններ հնչում են «Անխախտ եղբայրություն-2019» խորագրով թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակահատվածի ընթացքում:
Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, սակայն, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկի կարծիքով վտանգ չեն ներկայացնում:
Դրանք, ռազմական կցորդի խոսքով, պլանային զորավարժություններ են, որոնք հայտարարված նպատակների և խնդիրների համապատասխան են անցկացվում: Հայաստանում ՌԴ դեսպանատունն ու 102-րդ ռազմաբազան հետևում են դրանց՝ վստահեցրել է:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նույնպես վստահ է, բայց վստահ հայկական ուժերի մարտունակության վրա:
Արցախյան գործընթացին անդրադառնալով՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հստակեցրել է, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, և լարվածության աճ թուլ չտալու հարցում իրենց դիրքորոշումն անփոփոխ է, այդ նպատակով արվում են հնարավոր բոլոր քայլերը՝ ասում է:
«Իհարկե, Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ այդ թվում՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վրա, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է նրանից: Մենք կողմ ենք, որ հիմնախնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, բայց պարզ է, որ հարցի վերջնական լուծման որոշումը պետք է լինի հակամարտող կողմերինը: Այստեղ ՌԴ դերին պետք է բալանսավորված մոտենալ, այն անկասկած էական է ու ակտիվ, բայց չի կարող փոխարինել կողմերի դիրքորոշմանը»:
Ճիշտ չէ ասել, թե ամեն ինչ Ռուսաստանից է կախված՝ պարզաբանեց դեսպան Կոպիրկինը:
Իսկ Վեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որ ուղղված են վերահսկողության մեխանիզմների ներդրմանը սահմանագոտում, ակտիվորեն քննարկվում են, դեսպանի խոսքով, կարգավորման գործընթացում այդ թվում ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում:
Դեսպան Կոպիրկինն անկեղծ խոստովանեց, որ չի ցանկանում խորասուզվել այդ հարցի մեջ, քանի որ քննարկումներից տեղեկացված չէ:
Փոխարենը նա սիրով խոսում էր հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին, ինչը ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով` գուցե ուղղված է Նախիջևանից թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն 2019-ին» հնչած ձևակերպումների դեմ: