Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երևանը կունենա 24 նոր աղբահավաք տեխնիկա։ Դրանք առաջիկա շաբաթներին կլինեն մայրաքաղաքում: Եվս 10 տեխնիկայի և 6000 աղբամանների համար քաղաքապետարանը հայտարարելու է բաց մրցույթ:
Նախատեսված տեխնիկան ձեռք բերելուց հետո քաղաքային իշխանությունը երաշխավորում է պատշաճ աղբահանություն։
Երևանի քաղաքապետարանը պատշաճ աղբահանություն իրականացնելու նպատակով ապրիլին ձեռք բերված 5 նոր տեխնիկայից բացի հայտարարել է ևս 34 աղբատարների ձեռքբերման մրցույթ՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Եթե 5 տեխնիկան քաղաքային իշխանությունը ձեռք բերեց առանց մրցույթ հայտարարելու, հրատապության կարգով, ապա այս 24 մեքենաները ձեռք են բերվել «Կամազ Արմենիա» ընկերությունից էլեկտրոնային աճուրդով: Մեկ մեքենայի շուկայական արժեքն էլ շուրջ 35 մլն դրամ է:
Այս մեքենաների գնման պայմանագիրն արդեն կնքվել է և գտնվում է մատակարարման փուլում: Ըստ մամուլի խոսնակի՝ մոտակա շաբաթներին այն արդեն կլինի Երևանում: Մյուս 10-ը տեխնիկայի համար նախատեսվող բաց մրցույթը դեռևս չի կայացել: Քաղաքապետարանը նաև ձեռք է բերելու աղբարկղեր։ Արդեն հայտարարել է 6000 նոր աղբարկղ գնելու մրցույթ:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ նախատեսված քանակության տեխնիկան ձեռք բերելուց հետո աղբահանության խնդիրը լուծված կլինի»,- «Ռադիոլուրին» ասել է Հակոբ Կարապետյանը:
Աղբահանությունը պատշաճ չիրականացնելու պատճառով՝ շատերը կփաստեն, որ այս տարի հատկապես բազմաբնակարան շենքերում շատացել են առնետները: Կրծողների դեմ պայքարի աշխատանքներն իրականացնում են համատիրությունները: Քաղաքապետարանը հետևում է դրանց:
«Իհարկե բավարար չեմ համարում: Կրծողների ակտիվությանը նպաստում է աղբը ժամանակին չհավաքելը: Բազմաբնակարան շենքերի աղբահանությունը «Սանիթեք» ընկերության պատասխանատվության ներքո է: Ձեռք բերված 5 մեքենաները չափազանց քիչ են, որպեսզի կարողանան ամբողջ աղբահանությունը պահել պատշաճ մակարդակի վրա։ Նրանք հասցնում են միայն հրատապ վայրերում ծայրահեղ վիճակները շտկել»,- նշեց Հակոբ Կարապետյանը;
Առնետներ կան, համաճարակ՝ ոչ: Իսկ կրծողների շատանալու դեպքում քաղաքապետարանի պաշտոնյան հորդորեց բնակչությանը դիմել համատիրություններ՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Համատիրություններն ահազանգեր ստանում են, սակայն դրանք անպատասխան չեն մնում, «Ռադիոլուրին» վստահեցրեց Դավիթաշեն վարչական շրջանի համատիրության նախագահ Լյովա Զիրոյանը:
«Պայմանագիր ունենք, երկու ընկերություն զբաղվում են: Ամսական երկու անգամ դեղորայքներով, իրենց միջոցներով ամեն ինչ անում են»,- նշեց Լյովա Զիրոյանը:
Համատիրության նախագահը բնակիչների ահազանգերը համարում է չափազանցություն:
«Կարող է բացառություններ լինի և ամիսը մեկ-երկու անգամ, երբ աղբը մի փոքր ուշ են տանում, երևան: Բայց դա արդեն չափազանցված է, որ առնետը կարող է բակ դուրս գալ»,- ասում է Լյովա Զիրոյանը:
Համատիրության ղեկավարը նշեց, որ ամեն տարի դեկտեմբերին դերատիզացիայի՝ կրծողների դեմ պայքարի պայմանագրերը թարմացվում են: