Վերաքննիչ քրեական դատարանը քննում է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։ Անցալ շաբաթ ստացվել էր ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում։ Մինչ այդ, նա արդեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ից տեղափոխվել էր քաղաքացիւական հիվանդանոց, քանի որ հրաժարվել էր ստանալ ինսուլինային ներարկումներ, եւ հայտնվել անգիտակից վիճակում:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: