Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Աբովյանի թեժ ընտրություններից հետո՝ թեժ քննարկումներ արդյունքների շուրջ. ո՞վ է հաղթել և ո՞վ է պարտվել ընտրություններում, հեղափոխությունը Աբովյան հասե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերին ի պատասխան քաղաքական դաշտում այսօր տարբեր գնահատականներ են հնչել:
«Դուք պատկերացնում եք, եթե ես մասնակցեի ընտրություններին ինչ կլիներ..». ԲՀԿ առաջնորդը համոզված է, որ եթե մասնակցեր քարոզարշավին, Աբովյանի քաղաքապետի ընտրության արդյունքներն էլ ավելի տպավորիչ կլինեին: Իսկ չի մասնակցել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսել:
«Կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի, ինքն իր աշխատանքով ապացուցել է, որ արժանի է: Եթե կարիք լիներ , կգնայի»:
Գագիկ Ծառուկյանը չի կիսում Կոտայքի մարզպետի այն գնահատականը , թե հեղափոխությունը Աբովյան չի հասել, ավելին ՝ հաղթել է նախկին համակարգը: ԲՀԿ առաջնորդի համար ավելի նախընտրել է վարչապետի գնահատականը. « Վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում ու մարզպետինն եք ասում»:
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ և հաղթել է ժողովրդավարությունը՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձել է նաև հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ կուսակցության թեկնածուի պարտությունը:
«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն»:
Փաշինյանի խոսքով՝ հենց այդպես է կոտրվում քաղաքական մենաշնորհը, որի դեմ երկար տարիներ պայքարել են ընդդիմադիր քաղաքական ուժերը:
« Այս ընտրություններով Հայաստանը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է և որ հաստատված է ժողովրդի իշխանություն»:
Վարչապետն անդրադարձավ նաև հետընտրական քննարկումների հիմնական հարցերից մեկին՝ արդյոք իշխող ուժի թեկնածուի պարտությունը վարկանիշի անկման ցուցիչ է:
«Տեսեք, օրինակ՝ ուղիղ 1 տարի առաջ, հեղափոխությունից 2 ամիս հետո, մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, ճի՞շտ է: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ սկսած ժեկի պետի թեկնածուից մինչեւ որեւէ թեկնածու իշխանության ներկայացուցիչը հաղթի»:
Քաղաքային ընտրությունների արդյունքներով իշխանությունների վարկանիշը պայմանավորելուն դեմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանը նույնպես կարծում է, որ մեկ տարի առաջ Կապանի ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ իշխանության վարկանիշը համայնքային ընտրության հետ ուղիղ կապ չունի:
Փոխարենը Մարուքյանը չի հասկանում համայնքային ընտրությունները Ավարայրի ճակատամարտի վերածելու մոտեցումը: Կարծում է, որ Աբովյանի ընտրությունների ընթացքն անտեղի լարված էր , հետո էլ անտեղի մեծ էին հիասթափությունն ու ոգևորությունը:
Շատ ավելի արմատական գնահատական է տալիս ընտրություններին ՝ Կոտայքի մարզպետի ներգրավվածությանը:
«Մարզպետն իր պահվածքով փչացրեց ընտրությունները: Երևի լավ կանի հրաժարական տա, բայց իրենց թիմի որոշելիքն է»:
Հարցը նույնքան արմատական չի դիտարկում ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Նիկոլ Փաշինյանն էլ կարծում է, որ մարզպետի հայտարարություններն այլ կոնտեքստում են արվել:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ Աբովյանի քաղաքացին երեկվա ընտրություններին պարտվել է։