Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավստրիայի «Հայկական ոգին»
2019-06-08 14:45:45

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Ավստրիայի երաժշտասեր լայն շրջանակներին «Armenian spirit» խումբն այսօր բավականին հայտնի է: Խումբը համարվում է հայկական ոգի: Անունն էլ թարգմանաբար հենց դա է նշանակում՝ «Հայկական ոգի».«1994 թվականին, երբ ապագան արդեն չէր երեւում, առաջարկ ստացա Ավստրիայից՝ տեղափոխվել եւ զբաղվել երաժշտությամբ»:

Խմբի հիմնադիր եւ ղեկավար Կարեն Ասատրյանն էր: Նա Հայաստանում ավարտել է Չայկովսկու անվան դպրոցը, այնուհետեւ՝ Կոնսերվատորիան: Ջութակի բաժինը: Պատմեց նաեւ այն դժվար ընթացքի մասին, որ սկզբում ունեցել է օտար երկրում:

«Դաշնամուրն ինձ համար միշտ փախուստ էր դեպի ազատություն: Այն իմպրովիզացիա անելու հնարավորություն էր տալիս: Ավստրիայում համլսարանի դաշնամուրային ջազային բաժինն ավարտեցի: Այսօր այնտեղ դասավանդում եմ: 16 տարի առաջ կազմավորեցի «Armenian spirit» խումբը՝ «հայկական հոգի»: Արդեն երրորդ ձայնասկավառակն ենք թողարկել: Առաջին անգամ էլ խմբով այս տարի այցելել ենք Հայաստան»:

Ավստրիայի «Armenian spirit» խմբի մեներգչուհի Ռիտա Մովսեսյանը ծնվել է Բաղդադում: Այսօր ապրում է Ավստրիայում: Աշխարհի շատ բեմերում է ելույթներ ունեցել՝ տարբեր լեզուներով. «Արդեն տարիներ ի վեր հայկական երաժշտությունը ներկայացնում ենք օտարներին, մասնավորապես՝ գերմանախոս երկրներում»:

Այլ երկրներում հայկական երաժշտությամբ հետաքրքրվողների հսկայական բանակ կա, որ մեծ սիրով այցելում են «Հայկական ոգու» համերգներին, արտահայտում նաեւ իրենց զգացմունքները, որ սիրել են հայկական ֆոլկլորը՝ ասում է Ռիտա Մովսեսյանը: Նրա խոսքով, սակայն, առաջին անգամ Հայաստանում ունեցած ելույթը երբեք չի մոռանալու, քանի որ այն իր համար այլ քաղցրություն ունի. «Երբ որ մարդ Հայաստանում է երգում այդ երգերը, որոնք մարդիկ գիտեն ու ամեն մի երգ «սրտի կտոր» է՝ մեր պատմության հետ սերտորեն կապված, բոլորովին մի այլ բան է: Երբ որ մարդիկ արձագանքում են ու հետդ շնչում-ապրում են, կամ՝ հուզվում-արտասվում… դա մի շատ այլ քաղցրություն է»:

Կառլոս Սունգուրլյանը ծնվել է Ուրուգվայում: Ապրում եւ ստեղծագործում է Ավստրիայի Գրաց քաղաքում: 30 տարի առաջ է եղել Հայաստանում.

«Ես 1990-ին այստեղ էի: Հիմա Երեւանն ուրիշ քաղաք է: Նոր գույների մեջ: Ժողովուրդն ամենը կխնդա»:

Հետաքրքիր է, որ խմբում ոչ բոլորն են հայ երաժիշտներ: Եվրոպայում հայտնի ջազային սաքսաֆոնիստ Վոֆլանգ Կուշնիկն է միացել խմբին: Ավստրիացի Ռայն Հաթվինքլայնն էլ «Armenian spirit»-ի հարվածային գործիքների, այսպես ասած, «պատասխանատուն» է:

«Armenian spirit» -ը կարողացել է տարբեր սրտեր միացնել եւ դա են իրենք գնահատել՝ ասացին եվրոպացի երաժիշտները:

Հովհաննիսյանի դուդուկն ու զուռնան առավել շեշտադրել են խմբի ոճի հայեցիությունը: Կարեն Ասատրյանը կարծում է, որ խմբի ոճի՝ դասական երաժշտության, հայկական ֆոլկլորի ու ջազի միաձուլումը հաջող է ստացվել: Այդ մասին է վկայում այն, որ «Armenian spirit»-ը գտել է իր հավատարիմ ունկնդիրներին ոչ միայն հայ եւ Ավստրիացի գերմանախոս երաժշտասերների շրջանում: Կարճ խոսքով՝ հայկական ոգին նոր շնչով ներկայացվում է եվրոպային՝ դառնալով հայ մշակույթի եւս մեկ այցեքարտ. «Եվրոպացիները լսում են մեր երաժշտությունը ու շատ սիրում են: Շատ են սիրում, հիացած են, որովհետեւ հայկական երաժշտությունը շատ էմոցիոնալ է»:

Ինքս էլ չէի պատկերացնում, որ իրենց սառնությամբ հայտնի ավստրիացիները այդպես ջերմորեն կընդունեն ու կսիրեն հայկական ֆոլկլորով միաձուլված ջազը՝ ասում է Ավստրիայի «Հայկական ոգու» հիմնադիր-ղեկավարը: Նա հայտնեց, որ շատերն էլ իրենց միջոցով ճանաչելով հայկականը, ցանկություն են հայտնում ու գալիս Հայաստան զբոսնելու:

0:00
0:00

Ամենաընթերցվածը