Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի չքվեարկելը՝ դիվանագիտական լեզվից «թարգմանաբար»
2019-06-05 21:29:21

Մառլենա Հովսեփյան
Ռադիոլուր

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին՝ հունիսի 4-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Վրաստանի ներքին տեղահանված անձանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակավայրեր, ներառյալ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքը։ Բանաձևն ընդգծում է այս անձանց գույքային իրավունքները հարգելու անհրաժեշտությունն ու Վրաստանի հակամարտության ազդեցության բոլոր բնակավայրերում մարդասիրական անխոչընդոտ հասանելիության կարևորությունը։

Հարավային Օսիայի և Աբխազիայի փախստականների կարգավիճակի մասին բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, սկսած 2008 թվականից, ներկայացվում է ամեն տարի և ընդունվում ձայների մեծամասնությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից, բանաձևին այս տարի կողմ է քվեարկել 79 երկիր, 15-ը, այդ թվում Ռուսաստանը, եղել է դեմ, 57 պետություն էլ՝ ձեռնպահ։ Այս տարի ընդամենը 14 երկիր է քվեարկել այնպես, ինչպես Ռուսաստանը:

Հայաստանը, որը ամեն տարի մասնակցում է քվեարկությանը՝ դեմ քվեարկելով նույնաբովանդակ փաստաթղթին, այս տարի չի համալրել երկիների շարքը, որոնց թվում են Բելառուսը, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն և այլ պետություններ: Այս տարի առաջին անգամ մեր երկիրն ընտրել է այլ տարբերակ՝ ոչ կողմ է քվեարկել, ոչ դեմ, ոչ էլ ձեռնպահ․ Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել ընդհանրապես:

Չմասնակցելը ևս դիրքորոշում է, դիվանագիտական քայլ, փաստում է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ դիվանագիտական լեզվից «թարգմանելով» այն։

«Դիվանագիտական լեզվով դա նշանակում է՝ ես չեմ մասնակցում։ Աստեղ կարելի է գուշակել, տարբեր մեկնաբանություններ անել… Միավորված ազգերի կազմակերպության շենքը շատ մեծ է (ծիծաղում է), և այդ պահին կարելի է դուրս գալ, որևէ սրճարան մտնել որևէ հարկում: Հիմա դիվանագետները այդպես շատ են անում, պարտադիր որևէ բան չկա»:

Երևանի պաշտոնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չի հրապարակվել, քննարկումներն ու վերլուծությունները փորձագիտական մակարդակով են և ոչ միայն հայկական, այլև վրացական մեդիադաշտում:

Արման Նավասարդյանը Երևանի քայլը դիտարկում է հայ-վրացական հարաբերությունների համատեքստում. սա ժեստ էր, ռեվերանս մեր հարևանի նկատմամբ:

«Հայաստանը, ըստ երևույթին, ծանրութեթև անելով և առաջնորդվելով բարիդրացիական հարաբերությունների զարգացման ցանկությամբ, այդ քայլն արել է: Դա պետք է ողջունել: Հիմա տեսնենք, թե Վրաստանն ինչպես կարձագանքի: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները և այստեղ, և այնտեղ (Վրաստանում) նոր կուրս են վերցրել մոտենալու և հարաբերությունները հնարավորինս ամրացնելու և խորացնելու».

Միաժամանակ դիվանագետը նշում է նաև հնարավոր վտանգները։

«Եթե Հայաստանը փոխում է իր դիրքորոշումը, ապա անհրաժեշտ է զգուշավորություն: Եթե Հայաստանը սխալ քայլ անի, ապա Ադրբեջանն այն անմիջապես կարող է օգտագործել նաև իր, այսպես կոչված, փախստականների՝ Արցախ վերադարձի հարցում, և այստեղ պետք է շատ զգույշ լինել»:

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դաշնակից պետության՝ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ինքիշխան որոշմանը: Արման Նավասարդյանը չի կարծում, որ Ռուսաստանը այս քվեարկությունից մեծ ողբերգություն սարքի, բայց դիվանագիտական քայլը աննկատ չի մնա:

«Քվեարկությունները միջազգային ամբիոններից սովորաբար տեղի են ունենում պետության շահերին ու քաղաքական շահերին համահունչ: Այս իրավիճակում Հայաստանը տարիներ շարունակ մի ձև էր քվեարկում, հիմա քվեարկում է այլ կերպ: Դրանում սարսափելի ոչինչ չկա, և որևէ մեկը իրավունք չունի պարտադրելու, նեղանալու, ոչ էլ անվերադարձ եզրահանգումներ անելու»:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում փոքր խնդիրներ միշտ լինում են, բայց, ընդհանուր առմամբ, դրանք դիվանագետը գնահատում է դրական: Հայ-ռուսական հարաբերությունները այժմ նոր կերպ են ընթանում՝ առանց բովանդակային փոփոփությունների:

0:00
0:00

Ամենաընթերցվածը