Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում՝ տեղերում
2019-06-05 17:11:14

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳ նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ Երևանում այսօր մեկնարկել ու առաջիկա օրերին կշարունակվի «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթացը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված համակարգողներ Ժանետ Բլեյքն և Սաշա Սրեցկովիցը Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող սկսնակ մասնագետներին կփոխանցեն ոչ նյութական ժառանգությունը տեղերում բացահայտելու, գույքագրելու և պահպանելու միջազգային փորձը։

«Հայաստանն ունի ահռելի մշակութային ժառանգություն, այդ թվում նաև՝ ոչ նյութական, բայց դրա պահպանման խնդիրը, հատկապես մարզերում, միշտ չէ, որ պատշաճ ձևով է իրականացվում»:

«Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթացի անհրաժեշտությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մասնագետ Նաիրա Կիլիչյանն այսպես է հիմնավորում. «Կադրերի պակաս ունենք, այս դաընթացներն էլ միտված են նաեւ պատրաստված կադրեր ունենալուն»:

Դասընթացի բուն նպատակն է, որպեսզի ժառանգության գրանցումն ու պահպանումը իրականացվի հատկապես տեղերում, համայնքների բնակիչների, այսինքն ոչ նյութական մշակութային ժառանգության  անմիջական կրողների կողմից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված համակարգող Սաշա Սրեցկովիցին խնդրում ենք բնորոշել ոչ նյութական մշակութային ժառանգությունը հնարավորինս պարզ ու հակիրճ։

«Դա այն մշակույթն է, որը ստեղծում ու փոխանցում  են  մարդիկ։ Այդ ժառանգությունը կենսունակ է, այսինքն ապրող է։ Այն պահպանվում ու հանրահռչակվում է կրողների՝ համայնքների բնակիչների կողմից, միաժամանակ՝ այն բոլորի համար է, բոլորի հարստությունը»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը։

Հասմիկ Գալստյանն իր օրինակով, թերևս, լավագույնս է ներկայացնում այն, ինչի շուրջ կառուցված էր ամբողջ դասընթացը։ Մասնավորեպես՝ ինչպես համայնքում բացահայտել ու պահպանել ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Ծնունդով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին բնակիչն ահա թե ինչ է արել«Մի տան մեջ հավաքեցի գյուղի տատիկներին ու մի քանի հարցի միջոցով, օրինակ, քո աղջկա հարսանիքին ինչ երգեր եք երգում, ես բացահայտեցի ու գրի առա մոտ 600 խաղիկ»,- ասում է Հասմիկ Գալստյանը:

ՀՀ ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչ Լենա Թերզիկյանի տեղեկացմամբ, Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ առաջիկայում միտված կլինեն հայկական տառատեսակների գրանցմանը:

Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 10-ը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նստաշրջանը, որտեղ կքննարկեն համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցեր: Ստացվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության առաքելությունն ունեցող կազմակերպության նստաշրջանն անցկացվում է մի երկրի մայրաքաղաքում, որի իշխանության հովանու ներքո ոչնչացվել են այդ ժառանգության հայկական նմուշները:

Աղաղակող եւ ցցուն օրինակներից մեկը Ջուղայի խաչքարերն են, որոնք ոչնչացվում էին օրը ցերեկով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ: 

0:00
0:00
 

Ամենաընթերցվածը