Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջիվանին նաեւ ռեպ. երեխաներին հետաքրքրո՞ւմ է ժողովրդական երգը
2019-06-01 17:10:46

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Կա կարծրատիպ, որ ժողովրդական երգեր միայն մեծահասակներն են երգում: Կարճ ասած, եթե աշուղ է, ապա կյանք ապրած, հասուն մարդ: Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մենք  Ջիվանու անվան աշուղական դպրոցում ենք՝ պարզելու, կա՞ն այնտեղ երեխաներ:

Մտնում եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց երեխաներ «գտնելու»: Շենքն այնքան էլ լուսավոր չէ, պատուհաններից լույս քիչ է ներս մտնում, բայց ձայները, որ լույսեր են, ինձ ցույց են տալիս հենց դեպի երեխաների մոտ տանող ճանապարհը:

Էդգարի համար դեպի դպրոց ճանապարհն արդեն 7 տարվա պատմություն ունի: Առաջին անգամ այստեղ եկել է ծնողների հետ, հետո արդեն՝ միայն ու միայն սիրով ու սեփական ցանկությամբ:

Աշուղական երգեր երգողներին ինչո՞ւ են մեծահասակներ պատկերացնում: Էդգարը ժպտում է, ուսերը շարժում ու հայացքով ասում, որ չգիտի: Հետո սկսում է երգել՝ Ջիվանի:

Ասում եմ՝ ինչով կզարմացնես, որ աշուղական երգերը լավն են: Հիշեցնում է արդեն երգածն ու պահանջում համակ ուշադրություն: Նույն աշուղական երգը ռեպ, ջազ, էստրադային, հարդ ռոք ու ինչ ուզեք՝ կերգեն: Տաղանդավոր են աշուղ Ջիվանու սաները, հպարտությամբ պատմում է Սամվել Բալոյանը:

Նրա պաշտոնի անունը երկար է, բայց կարգ է՝ պիտի ասեմ կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան  կենտրոնի գեղարվեստական ղեկավար արդեն 30 տարուց ավելի:

«Քանի տարի է 150 պակաս երեխա չենք ունեցել, այսինքն 150-ից ավել տեղ էլ չունենք»:

Պարոն Բալոյանի հետ զրուցում ենք կենտրոնի միջանցքում, որտեղ բոլոր դռներից երաժշտության, երգ ու պարի ձայն է լսվում: Զրույցից հետո բացում եմ դռներից մեկն ու հայտնվում «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի փորձին:

Սենյակում մեծամասամբ երիտասարդներ են՝ նախկին մանուկներ, որ երգում են աշուղական երգեր, նվագում՝ հայկական գործիքներ: Թովմաս Պողոսյանն անսամբլի հիմնադիրն ու ղեկավարն է, հարցնում եմ՝ ինչո՞ւ են բոլորը կարծում, թե աշուղները մեծահասակներ են: Ինձ հետ չի համաձայնում:

Մի քանի ժամ է այս շենքում եմ՝ ճիշտ է մի քիչ մութ, մի քիչ մռայլ պատերով, բայց լուսավոր ու երաժշտական: Այստեղ, իսկապես մեծամասամբ երիտասարդներ ու երեխաներ են սովորում, աշխատում,  «ապրում»:

Ու  չնայած այդքան էլ հեշտ չէ ընդունել, որ սխալվել ես, բայց… կարծում էի, թե աշուղական երգերով մեծերն են զբաղվում, սխալվեցի, այդպես չէ:

Բայց հունիսի 1- ին երևի կարելի է սխալվել: Դեմ չեք, չէ՞…

0:00
0:00

Ամենաընթերցվածը