Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փողային գործիքների փառատոնը՝ ճապոնական անակնկալով
2019-05-29 16:58:28

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մայիսի 30-ից հունիսի 5-ը  տեղի կունենա  Ալ Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի անվան  ազգային ակադեմիական թատրոնի  աջակցման հիմնադրամի կողմից  արդեն երրորդ տարին անընդմեջ  կազմակերպվող Ալեքսանդր Հարությունյանի անվան  փողային գործիքների  միջազգային փառատոնը։ Այն իրականացվում է մշակույթի նախարարության և  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ալ Հարությունյանի անվան փողային գործիքների  միջազգային փառատոնի բացման մայիսի 30-ին կայանալիք համերգի գլխավոր փորձն է Հայաստանի կամերային նվագախմբի մասնակցությամբ։  

Փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսեր  Շմավոն Գրիգորյանի  խոսքով,  փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը, Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 20 երաժիշտ-կատարողների, ովքեր կներկայացնեն իրենց  երկրների հեղինակավոր նվագախմբերը։ 

Երաժիշտները մայրաքաղաքից բացի  համերգներով հանդես կգան Գյումրիում, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Փառատոնը զերծ չէ նաև անակնկալներից։ Բացման համերգին բեմում կլինի նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և  լիազոր դեսպան  Ջուն Յամադան։

Փառատոնի նախաձեռնողները նպատակ ունեն նոր շունչ հաղորդել կոմպոզիտոր Ալեքսանդր Հայությունյանի ստեղծագործություններին, ստեղծել  ընդհանուր հարթակ  փողային գործիքների ոլորտում  աշխարհի առաջատար երաժիշտների համար։ Փառատոնի այս տարվա հյուրերի թվում գերմանացի հոբոյահար Մարտին Ֆրուտիգերն է. «Ալեքսանդր Հարությունյանին  և Արամ Խաչատուրյանին, որոնք բավականին հայտնի են աշխարհում, ժամանակին գիտեինք որպես խորհրդային կոմպոզիտորներ։  Այժմ նրանց ճանաչում ենք որպես հայ կոմպոզիտորներ։ Այս փառատոնին մասնակցել եմ նաև երկու տարի առաջ, ունեցել եմ վարպետության դասեր։ Զարմանում էի, թե ինչպիսի տաղանդավոր  երիտասարդներ էին մասնակցում այդ դասերին»։

Փողային գործիքների միջազգային փառատոնի բացման համերգը կղեկավարի դիրիժոր Դավիթ Ալեքսանդր Ռահբին։ Ավստրիայից ժամանած մեր հայրենակիցն առաջին անգամ է մասնակցում Ալեքսանդր Հարությունյանի անունը կրող փառատոնին, բայց վստահեցնում է՝ քաջածանոթ է նրա ստեղծագործություններին։

«Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունը համամարդկային երևույթ է, բայց դրանցում նկատելի է ազգային  ձեռագիրը»,-նկատում է դիրիժորը:

0:00
0:00

Ամենաընթերցվածը