Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի հետքերով
2019-05-10 19:05:38

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ նախկին իշխանություններից ոմանք հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել։

Ավելին՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը խոսելով, թե ինչ բովանդակության նյութերի մասին խոսքը, հայտնեց, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, եւ մարդկանց, եւ իրադարձությունների։

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանն էլ հավելեց, որ կգա ժամանակը, եւ պարզ կդառնա՝ թե՞ ինչ է կատարվել իրականում: Այժմ, ըստ Վանեցյանի,  ծառայողական քննություն է ընթանում: 

ԱԱԾ-ից որոշ փաստաթղթերի ոչնչացումը կամ կորուստը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը՝ թավշյա հեղափոխությունից հետո: Հիմնական հարցը՝ թե գաղտնի ի՞նչ բովանդակության փաստաթղթեր են ոչնչացվել, պետական մակարդակով դեռ չի մանրամասնվում, քանի որ ծառայողական քննություն է ընթանում:

Բայց մինչ ծառայողական քննության ավարտը, հարցն այսօր ուղղել ենք՝ ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Ըստ նրա՝ ոչնչացվել են գործակալական մշակման հատորյակներ, որոնք տեղեկատվություն են պարունակել՝ թե՞ ինչ է կատարվել Սերժ Սարգսյանի ժամանակ եւ կապ են ունեցել ընդդիմադիր գործիչների հետ:

«Մեր՝ ընդդիմադիրների վերաբերյալ մշակման գործերն են ոչնչացվել: Հայրենիքի դեմ աշխատող ոսոխի վերաբերյալ,  որովհետեւ իրենք  իմացել են արդեն՝ թե ո՞վքեր են հեսա գալու իշխանության: Եվ ոչնչացվել են տարբեր միջոցառումների, այդ թվում ողբերգությունների ժամանակ լիտերային փաստաթղթավորումներ»:

ԱԱԾ փաստաթղթերի ոչնչացման կամ կորստի մասին Գուրգեն Եղիազարյանը կասկածել է մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ավելի կոնկրետ՝ ապրիլի 23-ից 4 օր առաջ, եւ այդ մասին հաղորդել իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ գործերը հսկողության տակ վերցնելու համար:

Եղիազարյանը չգիտի այդ մասին տեղեկացվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Բայց երկու դեպքում էլ մտվախություններ ունի, որ ոչնչացվել են փաստաթղթեր, որոնք կարող են անցանկալի հետեւանքներ ունենալ:

«Եթե ասել է Նիկոլ Փաշինյանին իմ ասածը՝ ի՞նչ պետք է անենք, որ այդ փաստաթղթերի որոշ մասը պահպանենք: Ուրեմն նույն Նիկոլը խնդիր է ունեցել, որ  դրանք ոչնչացվեն: Ուրիշ ենթադրություն չեմ կարող անել: Կարո՞ղ է եւ չի ասել: Չգիտեմ: Այս ամենը արվեց, որպեսզի չիմանանք՝ թե՞ իրականում ինչ է կատարվել, ի՞նչ դավեր են տեղադրել անկյունում, որ հետագայում քայքայեն մեր երկիրը: Ես հույս չունեմ, որ կբացահայտվի»:

Ի դեպ, Եղիազարյանը տեղյակ է, թե՝ ինչպես է հնարավոր վերականգնել ինֆորմացիան, բայց նախընտրում է լռել: Ըստ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի, ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, չի բացառվում եւ Արթուր Վանեցյանը, տեղյակ են եղել նման գործընթացից, քանի որ պահոցը ոչնչացվում է ծառայության պետի մակագրությամբ:

Վերջինիս հակառակվում է ԱԱԾ ծառության պետի նախկին տեղեկալը՝ ասելով, որ ծառայությունում էլ են նման բաներ հնարավոր, իսկ Վանեցյանը դժվար թե՞ տեղյակ լիներ ոչնչացումից՝ ասում է:

Լեզվաբան, հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը կարծում է, ԱԱԾ պահոցներից ոչինչ չի վերացվում, դրանք թաքցվում են, եւ պետք է պարզել՝ թե՞ որտեղ են կրիչները, ո՞ւմ ձեռքում: Ըստ Դիլբարյանի, ԱԱԾ-ից դուրս է եկել միայն Կուտոյանը, մնացած բոլորը շարունակում են աշխատել, եւ  դժվար թե նա կարողանար ինքնին վերցնել արխիվները եւ հեռանար: Քաղաքական գործիչը այս դեպքում բարձրացնում է լյուստրացիայի կարեւորությունը:

«Լյուստրացիա չի նշանակում պատերազմ, ոչ գնդակահարելու են, ոչ փռելու են ասֆալտին: Քավ լիցի: Ընդհանրապես կարծում եմ անընդունելի գործելաոճ է: Ինչպես եղավ Արեւելյան Եվրոպայի եւ Մերձ Բալթյան երկրներում: Բացահայտված անձիքն  այլեւս չեն գալիս իշխանություն: Լյուստրացիան չարվեց, ու  այսօր ասում են, որ անհետացել են փաստաթղթեր՝ եւ անձերի վերաբերյալ եւ գործերի: Կասկածելի կենսագրություն ունեցող մարդիկ կարող են վերադառնալ՝ սպիտակ հագուստով: Վտանգավոր հայտարարություն էր ԱԱԾ փաստաթղթերի ոչնչացումը»:

Ըստ քաղաքական գործչի,  պետք է արձանագրել, որ ստեղծված իրավիճակում  ի հայտ է գալիս նոր իշխանության թուլությունը եւ էական բացթողումը: Անձը որքան էլ լեգիտիմ է, բայց չի վերահսկում իրավիճակը՝ ասում է Նարինե Դիլբարյանը:

 Մենուա Հարությանը իր հերթին վստահ է, որ սա շոու հայտարարություն է,  եթե անգամ փաստաթուղթ է կորել ԱԱԾ-ից հարկավոր չէր այդ մասին հայտարարել, այս կերպ վարկաբեկվում է Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալը ամբողջացնելով փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտարարում է, ԱԱԾ-ի նկատմամբ պետք է լինել չափից ավելի զգույշ, այն էլ այս աշխարհագրության, հարեւանության պարագայում, քանի որ այն մեր ապահովության կարեւորագույն երաշխիքն է:

0:00
0:00

Ամենաընթերցվածը