Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայրենիքը չեն հանձնում. եռատոնը՝ Արցախում
2019-05-09 18:13:42

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր մայիսի 9-ն է: 27 տարի առաջ հայկական ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին  Շուշին:  Անհնարինը դարձավ հնարավոր: Շուշիի ռազմագործողության օրն Արցախում նշվում է նաև որպես պաշտպանության բանակի կազմավորման տոն: Մայիսի 9-ն էլ Եռատոն է՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակի,  Շուշիի ազատագրման ու  պաշտպանության բանակի տոն: Տոնակատարության պաշտոնական մեկնարկը տրվում է  Ստեփանակերտում ու շարունակվում Շուշիում:


Մայիսի 9-ը ստեփանակերտցիների ամենասիրած տոնն է: Տոնակատարության դրվագներն էլ ինքնաբուխ են, յուրաքանչյուրը փորձում է յուրովի ավելացնել ընկերոջ, բարեկամի, անծանոթի ուրախությունը:

Անհավատալի ցնծությունը մարդկանց ուղեկցում է արդեն 27 տարի՝ ազդարարելով  ոչ միայն  Շուշիի, այլև Ստեփանակերտի խորհրդանշական ազատագրումը. ազատագրումը նկուղներից:


Շուշիի ազատագրումը պատերազմի ավարտը չէր, գուցե թե ավելի թեժ փուլի մեկնարկն էր, բայց  դրան հաջորդած պարտությունները նույնիսկ անզոր էին ընկճել ձևավորվող բանակին:

Կորուստներին` մարդկային ու տարածքային, հաջորդեցին հաղթանակները: Գծվեց նոր Արցախի սահմանը: Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ զրուցում ենք Ստեփանակերտի հուշահամալիրում:

Նրա խոսքով, այդ տարածքից Արցախը զիջելու բան չունի: Այն Արցախի մաս է` իրավական ու պատմական տեսանկյունից:


Ավանդույթի համաձայն, ամեն տարի հենց հուշահամալիրում են հավաքվում բոլորը: Քայլերթն սկսվում է  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այսօր այն գլխավորում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Երթին միացել էին պաշտոնատար անձիք,  զինվորականներ,  ազատամարտիկներ: Երիտասարդներն իրենց հետ մի քանի մետրանոց եռագույնն  էին տանում: Դեպի հուշահամալիր էին քայլում «Անմահ գունդ» նախաձեռնության մասնակիցները: Մոտ 600 պաստառ արցախցիների մեծադիր նկարներով: Ընդ որում, ոչ միայն Մեծ հայրենականի մասնակիցներն են այսօր քայլում ստեփանակերտցիների հետ կողք կողքի,  այլև ապրիլյան, արցախյան հերոսամարտի նահատակները:

Հուշահամալիրում ծաղիկներ են դրվում կենտրոնական հուշարձանի՝ Անմար կրակի մոտ, ապա երկու հայկական պետությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհում եղբայրական հանգստարանում հանգչող նահատակների շիրիմներին: 


Ստեփանակերտից  պաշտոնական պատվիրակությունները շարժվել են Շուշի: Բերդաքաղաք տանող ճանապարհին պարտադիր կանգառ կա` Տանկի մոտ: Այստեղ 1992 թվականի մայիսի 8-ին  հայկական տանկի խոցվելուց հետո գրոհը առժամանակ դադարեց: Գիշերը քաղաքը պաշարվեց, իսկ մայիսի 9-ի առավոտյան, երբ հայկական ջոկատները մտան Շուշի, պարզվեց, որ հակառակորդը նահանջել է: Յուրի Ավանեսյանը Շուշիի գրոհի մասնակիցներից է: 

Այսօր Շուշիում տոն է: Մայիսի 9-ին բերդաքաղաքն ամեն տարի  իր թևերի մեջ է առնում արդեն ճերմակող ազատամարտիկներին` Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից:


Շուշիի տոնակատարությունների կենտրոնատեղին այսօր Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ էր: Այստեղ ծաղիկներ դրեցին նաև Նիկոլ Փաշինյան  ու Բակո Սահակյանը:  Նրանց հետ էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, իսկ ահա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը, որը երեկ երեկոյան ներկա է եղել  Եռատոնին նվիրված հանդիսավոր նիստին, այսօրվա միջոցառումներին չի մասնակցել: Ավանդական դարձած տոնը շարունակվեց  Թթենիների այգում: Երեկոյան  հրավառություն կլինի: Նախատեսվում է, որ հրավառությամբ կավարտվի նաև տոնական համերգը Ստեփանակերտում:

0:00
0:00

Ամենաընթերցվածը