Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես է Ադրբեջանն իր ժողովրդին «պատրաստում» խաղաղության
2019-05-03 17:01:39

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական ընթացող համատեղ զորավարժություններն աննախադեպ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչի ֆոնին: Այս տեսակետն այսօր հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

 

Կապ չունի, թե այդ հայտարարությունն ով ինչպե՞ս է հասկանում. մենք տեսնում ենք, թե ինչպես է «պատրաստում» Ադրբեջանն իր ժողովրդին այդ խաղաղությանը՝ նշել է Լարիսա Ալավերդյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մինչդեռ, որևէ արտասովոր բան չի տեսնում թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժություններում: Նոր բան չէ, հայտնի ձեւաչափ է՝ նշել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը:    

 

Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն Իլհամ Ալիևի աներկբա պատասխանն են ՀՀ վարչապետի՝ «մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ» կոչին: Այս կարծիքին է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

 

«Սա մեզ պետք է լինի ազդակ. Մեր իշխանություններն արդյո՞ք ունեն համապատասխան, համարժեք՝ լինի գործողություններով, թե հայտարարություններով, պատասխան»,- ասաց տիկին Ալավերդյանը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մինչդեռ, որևէ արտասովոր բան չի տեսնում թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժություններում: Նոր բան չէ, հայտնի ձեւաչափ է՝ նշեց:    

 

«Դրանք պլանային զորավարժություններ են՝ ռազմական տեխնիկայի ներգրավվածության առումով բավականին մասշտաբային: Այս զորավարժությունը նման է 2017թ. Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Նախորդ տարվա ընթացքում նմանատիպ պլանային զորավարժություններ երկու անգամ են անցկացվել: Սեպտեմբերին՝ Ադրբեջանում, դրանից առաջ մարտին՝ Կարսում, որին մասնակցել է նաև Ադրբեջանը»,-ընդգծեց քաղաքագետը:

 

Թուրք սպաները ներգրավված են՝ ադրբեջանցի զինծառայողներին վարժեցնելու գործում՝ հավելեց քաղաքագետը:   

 

Ի դեպ, Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տարածած հայտարարությամբ նշում է, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

 

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»,-ասված է ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ:

 

Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ  Նախիջևանի հարցով ՀՀ-ն ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական մակարդակով ազդակ չի ուղարկում:

 

«Այնինչ, Թուրքիան դիտարկում է Նախիջևանը որպես իր համար պահուստային ինչ-որ տարածք: Այնպես որ այս զորավարժությունները, Ադրբեջանին և Թուրքիային հատուկ ամենաամբարտավան ձեւով, ազդակն են ՀՀ-ի համար»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, չի կարծում, որ այս պահին պետք է խոսել Նախիջեւանում Թուրքիայի մշտական ռազմական ներկայության մասին:

 

«Չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ դա հնարավոր է: Դա, սակայն, չի նշանակում, թե երբեք նման բան չի կարող լինել»,- ասաց Իսկանդարյանը:   

 

Թեմայի մասին խոսելիս՝ Լարիսա Ալավերդյանը, միաժամանակ, համոզմունք հայտնեց, որ եթե այդ խնդրով դիվանագիտական մակարդակով չկա արձագանք, ապա անվտանգության և պաշտպանության մարմինների կողմից համահունչ հաշվարկներ արվում են։

 

Ի դեպ, երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: ՀՀ ՊՆ հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

 

«ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող»,-իր հայտարարությունը եզրափակել է  ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:  


0:00
0:00

Ամենաընթերցվածը