Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հուշարձանների պահպանումը արժանապատվության հարց է. Սամվել Կարապետյան
2019-04-18 17:34:46

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն է: Այս օրը աշխարհով մեկ իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ այցեր հուշարձաններ, համաժողովներ, կլոր սեղաններ, հուշարձանների ու տեսարժան վայրերի մաքրման աշխատանքներ և այլն:

Բոլոր միջոցառումների նպատակը մեկն է՝ բարձրացնել հասարակությունների տեղեկացվածության մակարդակը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Առաջին հերթին ով, եթե ոչ հուշարձանների պահապանները, գիտեն այդ ժառանգության պահպանման կարևորությունն ու ոլորտին առնչվող խնդիրները:

Ընդամենը օրեր առաջ կրակի մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ անգամ ևս մարդկությանը միավորեց ու հիշեցրեց սահմաններ չճանաչող արվեստի հզոր ուժի մասին: Աշխարհի աչքի առջև կործանվող տաճարը նույն ցավով միավորեց միլիոնավորներին, ու կրկին հասկացանք, որ առանց այդ գլուխգործոցների ու մշակութային արժեքների, անկախ աշխարհագրությունից, սեռից, ռասսայից, բոլորս էլ մի քիչ թերի ու ոչ լիարժեք ենք: Այսօր այդ արժեքների պահպանության ու պաշտպանության միջազգային օրն է: Մեզ էլ այդ արժեքներից, ինչպես ասում են, Աստված տվել ու չի խնայել: Միայն Հայաստանի տարածքում ավելի քան 24 հազար գրանցված հուշարձան ունենք:

Այսօր մենք չէինք կարող չզրուցել նրա հետ, ում ապրած կյանքի ցանկացած օր, ինչպես ինքն է ասում, հուշարձաններին նվիրված օր է: Հայկական պատմական հուշարձաններն ու պատմական վայրերը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կյանքի անբաժանելի մասն են արդեն 40 տարի: Եվ՝ ո՞րն է այս ոլորտում մեր թիվ մեկ խնդիրը, հարցին նա պատասխանում է:

«Համար մեկ խնդիրը հասարակությանը գաղափարապես պատրաստելն է»:

«Հուշարձաններն օգնում են, որ ազգն իր հիշողության տերը լինի: Դրանց պահպանումը արժանապատվության հարց է: Մենք ունենք յուրօրինակ մշակույթ, որի հարգը չգիտենք, որի կրողը չենք»,-մեծ ցավով ասում է Կարապետյանը: Բեկումն այս ոլորտում  նա տեսնում է՝  բացառապես կրթության միջոցով:

Ինչպես մեր պատմական հայրենիքը, այնպես էլ հուշարձանները այսօր տրոհված են ու սփռված հարևան չորս պետություններում՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և Իրան: Ըստ Սամվել Կարապետյանի, միայն վերջինն է, որտեղ հայկական հուշարձանները պաշտպանված են, ավելին.

«Իրանը ամբողջ աշխարհին կարող է ներկայանալ իր դրական օրինակով, որ այլոց մշակութային ժառանգությունը ընկալում և գնահատում է որպես սեփական երկրի հարստություն: Մյուսները զբաղված են մեր մշակութային արժեքների ոչնչացմամբ»:

Վերջին տարիներին Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ որոշակի խնամք, այդուամենայնիվ, նկատվում է: Հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները դա բացատրում են Հայաստանից ու Սփյուռքից դեպի պատմական հայրենիք մեկնող հայ զբոսաշրջիկների տարեցտարի ավելացող թվով ու Թուրքիայի զբոսաշրջային հետաքրքրություններով:

Հանրապետության շուրջ 24 հազար հուշարձանների պահպանությունն ու խնամքն առ այսօր մշակույթի նախարարության ենթակայության ներքո  է: Մի քանի նախարարություններ միավորող  նոր կառույցից, որը հավանաբար նաև հուշարձաններով պետք է զբաղվի, Սամվել Կարապետյանը դրական ակնկալիք չունի:

«Կարևոր ոլորտները միավորելը սխալ է»,-ասում է:

Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանի կարծիքն այս հարցում այսպիսին է. «Հուշարձանների համար  լավագույն ժամանակներն էին, երբ ոլորտը համակարգող մարմինը կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանման գլխավոր վարչությունն էր»:

Վերադառնալով հայ իրականություն և ոլորտին առնչվող մեր հիմնական խնդիրներին, ճարտարապետն ասում է. «Մեր հիմնական խնդիրը չնչին ֆինանսավորումն է, նաև՝ պետական պատվերների մրցութային /տենդերային/ համակարգը, որի հիմքը էժան առաջարկներն են»:

«էժան գնով առաջնորդվելու սկզբունքն անընդունելի է, երբ խոսքը վերաբերում է հուշարձանների վերականգնմանն ու խնամքին»,-ասում է մասնագետը:

Հովհաննես  Սանամյանի տվյալներով, Հայաստանի շուրջ 500 հուշարձան այսօր կարել է համարել առավել վտանգված: Դրանց թվում, օրինակ, Հաղպատի վանական համալիրն է:

Ճարտարապետն ասում  է. «Արտաքինից թվում է, թե հուշարձանը կանգուն է, ամեն ինչ կարգին է, բայց իրականում քայքայված վիճակում է»:

0:00
0:00

Ամենաընթերցվածը